YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

   ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի հերթական սեմինարին  զեկուցում էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Ենոք Հակոբյանը /գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Ռ. Գևորգյան/:

Սեմինարի գլխավոր թեման էր սահմանադրականության գնահատման ինդիկատորների չափումը: Ժամանակակից գրականության մեջ գոյություն չունի սահմանադրականության մակարդակի քանակական գնահատման մեկ միասնական մոտեցում։ Նմանատիպ գնահատումների իրականացման բարդությունը պայմանավորված է սահմանադրականության բազմաբովանդակությամբ, դրա բաղադրիչների թե՛ կառուցվածքային, թե՛ հետազոտման մեթոդաբանությունների բազմակիությամբ, գնահատման արդյունքների մեկնաբանությամբ, ինչպես նաև միջժամանակային ու միջերկրային համադրելիությամբ:

   Այդ իսկ պատճառով ինֆորմացիայի առավել արդյունավետ ներկայացման համար անհրաժեշտ է սահմանադրականության մակարդակը բնութագրող բաղադրյալ համաթվի կառուցումը, որը թույլ կտա իրականացնել քանակական գնահատում, համեմատել վերջինիս մակարդակը տարբեր երկրներում և տարբեր տարիների կտրվածքով, ախտորոշել հիմնական խնդիրների և հիմնավորել քանակական գնահատականների հիման վրա և բարձրացնել որոշումների կայացման գործընթացի արդյունավետությունը։

   Սեմինարի երկրորդ մասը վերաբերում էր Սահմանադրականության մակարդակի մշտադիտարկման համար ցուցիչների դասակարգմանը: Համաձայն քանակական գնահատման մեթոդի այս դասակարգումը լինում է.

 Բինարյան-Այս դասին պատկանող ցուցիչները գնահատում են այս կամ այն իրավական ակտում որոշակի սահմանադրական նորմի առկայությունը կամ բացակայությունը:

 Օբյեկտիվ- Այս դասին պատկանող ցուցիչները գնահատում են սահմանադրականության դրույթների իրականացման արդյունքում փաստացի իրավիճակը յուրաքանչյուր երկրում՝ միջազգային կազմակերպությունների տեսանկյունից:

 Արդյունավետ-  Այս դասի պատկանող ցուցիչները  գնահատում են սահմանադրական նորմերի իրականացման արդյունավետության ընկալումը փորձագետների կողմից։

   Սեմինարի վերջում բանախոսը ներկայացրեց  Սահմանադրականության մակարդակի մշտադիտարկման համաթվի կառուցման գործընթացի հիմնական բաղկացուցիչ տարրերը, որոնք են  բաղադրիչների բազմաբովանդակությունը և նրանց քանակական ու որակական գնահատականների կառուցվածքային խիստ տարբերությունը, ինֆորմացիայի նվազագույն կորստի պայմաններում բաղադրիչների համակցում և գնահատականների մինչ ժամանակային և տարածական համադրելիության ապահովումը: