ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2022 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցավ ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի հերթական գիտական սեմինարը, որը վարում էր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։ Օրակարգում ներառված էին ռազմական անվտանգության հիմնախնդիրները, որը ներկայացնում էր ռազմական գիտությունների թեկնածու, ԶՈՒ պահեստազորի գնդապետ, սեմինարի ռազմական հանձնախմբի ղեկավար Արտակ Կոստանյանը։
Բանախոսի կողմից ներկայացվեցին ռազմական անվտանգության էությունը, դերը և տեղը պետության ազգային անվտանգության համակարգում, մասնավորաբար նշվեց, որ պետության ռազմական անվտանգության համակարգը պաշտպանության ոլորտի վերաբերյալ ՀՀ օրենսդրության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, զինված ուժերի միացյալ կազմավորումների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող, ներառյալ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ամբողջություն է։
Անդրադարձ կատարելով ռազմական անվտանգությունը՝ բանախոսն ընդգծեց, որ բաղադրիչի կարևորությունը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից՝ անհատի, ընտանիքի, հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածության վիճակն է։
Ռազմական անվտանգության արտաքին սպառնալիքների շարքում առանձնացվեցին․
- ԼՂ հակամարտության առկայությունը
- անվերահսկելի սպառազինման և վերազինման գործընթացը, սպառազինությունների մրցավազքը
- ՀՀ դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը
- ՀՀ սահմանակից պետություններում ներքաղաքական միջավայրի ապակայունացումը, ներքին բախումներն ու ռազմական գործողությունները
- միջազգային անվտանգության համակարգերի, տարաձայնություններ ունեցող առանձին պետությունների տեսակետների տարբերությունները
- ՀՀ տնտեսական-տրանսպորտային և հաղորդակցային մեկուսացումը կամ մեկուսացման փորձերը, սահմանակից պետություններով տարանցիկ ուղիների խափանումը,
- ՀՀ դեմ օտարերկրյա կազմակերպությունների, անօրինական զինված խմբավորումների և հատուկ ծառայությունների գործունեությունը։
Բանախոսն իր ելույթը եզրափակեց ռազմական անվտանգության ապահովման հիմնախնդիրների անդրադարձով։ Մասնավորաբար, նշեց, որ վերջինս պետության նպատակաուղղված գործունեությունն է՝ միտված ռազմական վտանգի բացահայտելուն, նախազգուշացնելուն և հակազդելուն, որն էլ հնարավոր է ապահովել գիտական ներուժի ներգրավմամբ ու միջնորդությամբ։
Գիտական սեմինարի ընթացքում տեղի ունեցավ հարց ու պատասխան։ Ելույթ ունեցան պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը։
Նիստն ամփոփեց Կենտրոնի տնօրեն Հայկ Սարգսյանը։