ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում ՄԱԿ-ի մարդկային զարգացման ծրագրի փորձագիտական խմբի հետ:
Հանդիպմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն տ.գ.դ. պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, տ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Վարսենիկ Սարգսյանը, ՄԱԿ-ի մարդկային զարգացման ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Սերոբ Խաչատրյանը, փորձագետ Աղասի Թադևոսյանը և Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը:
Հանդիպման ժամանակ քննարկման առարկա էր ՀՀ համայնքներից ներքին՝ դեպի Երևան եվ արտաքին՝ դեպի արտերկիր միգրացիայի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:
Թեման ներկայացնում էին ֆակուլտետի ասպիրանտներ Գագիկ Չախոյանը և Ենոք Հակոբյանը /գիտական ղեկավար՝ Ռուբեն Գևորգյան/: Հետազոտության հիմքում համայնքների վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրված տվյալների բազան է: Ներկայացվեցին ՀՀ համայնքներից ներքին (դեպի Երևան) և արտաքին (դեպի արտերկիր) միգրացիայի որոշիչները:
Մոդելի գնահատման արդյունքներից հետո բանախոսները ներկայացրին, որ տարածական ռեգրեսիայի մոդելները ավելի լավ արդյունք են ցուցաբերել, քան սովորական ռեգրեսիան, ՏԶԻ-ի ազդեցությունը արտերկիր մեկնողների գործակցի վրա եղել է դրական: Եթե ՏԶԻ-ի արժեքը մեծանա 1-ով (10 բալային սանդղակում), արտերկիր մեկնողների մասնաբաժինը կմեծանա 0,5 տոկոսային կետով:
Հանդիպումն ավարտվեց քննարկումով: