ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ «ՀՀ ԷԹՆՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ
Սույն թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցավ ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «ՀՀ էթնոմշակութային հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում» էթնոմշակութային հանձնախմբի գիտական սեմինարը։
Զեկուցումով հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը, ով անդրադարձ կատարեց ՀՀ ազգային անվտանգության մաս կազմող էթնոմշակութային հիմնախնդիրներին։
Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով սեմինարիների ընթացքում ձևավորված տնտեսական, քաղաքագիտական, իրավական, էթնոմշակութային և ռազմական հանձնախմբերի գործունեության առանձնահատկություններն ու հանձնառությունները՝ ՀՀ ազգային անվտանգության խնդիրների բացահայտման և լուծումների առաջադրման տեսանկյունից։
Զեկուցող Հրանուշ Խառատյանը ելույթի սկզբում ներկայացրեց «էթնա» և «ազգային» եզրերի մեկնաբանությունները։ Մասնավորաբար նշվեց, որ եթե «ազգային» բառը դիտարկում ենք ՀՀ պետության քաղաքացիներ իմաստով, ապա ՀՀ անվտանգային խնդիրներում էթնիկական և ազգային անվտանգությունները կարող են խիստ առանձնահատուկ լինել և ըստ էության առանձնահատուկ են:
ՀՀ-ն պարտավորություններ ունի թե Հայաստանի քաղաքացիների անվտանգության համար, թե հայ էթնոսի: Հայկական սփյուռքը կարող է մի կողմից ռեսուրս դիտվել, մյուս կողմից, տարբեր երկրներում, աշխարհամասերում և քաղաքակրթական միջավայրերում հայ էթնոսի սփռվածության պատճառով կարող է թե էթնիկական, թե ազգային (պետական) սպառնալիք դառնալ, և դրա օրինակները, կամ դրա ակնարկներն ունենք նույնիսկ անկախ Հայաստանի գոյության երեսուն տարիներին: Օրինակ՝ Թուրքիայի վարչապետի բանավոր սպառնալիքները Թուրքիայում ապրող հայերի մասին, ՌԴ –ի կողմից տարբեր առիթներով ՌԴ-ում ապրող հայերի թվաքանակի բարձրաձայն հիշեցումները, հայկական գործոնը Իրաքյան և Սիրիական պատերազմում, ներկայիս ռուս-ուկրաինական պատերազմում հակամարտող երկու երկրներում առկա հայերի հանդեպ տարատեսակ վերահսկողությունը ևլն):
Հայկական դիվանագիտությունը, Հայաստանի քաղաքական դիրքորոշումները, Հայաստանի ազգային անվտանգությունը միշտ ստիպված են լինելու հաշվի առնել թե տարբեր երկրներում ու մշակութային միջավայրերում ապրող էթնիկական հայերի ֆիզիկական ու մշակութային անվտանգության նկատմամբ առկա և հնարավոր սպառնալիքները, թե իր՝ Հայաստանի ազգային անվտանգության ապահովումից բխող քաղաքականության հնարավոր սպառնալի հետևանքները այս կամ այն երկրի հայության նկատմամբ:
Բանախոսն ընդգծեց, որ մեր երկրի ազգային-պետական անվտանգության մի շարք հիմնախնդիրներ ծագումնաբանորեն գալիս են էթնիկական ցեղասպանության՝ էթնոցիդի աղետից։ Էթնոսը ընդհանուր ինքնությամբ և էթնանունով մարդկանց խումբ է, ձևավորման և արարման տարածքով՝ հայրենիքով, իսկ հիմնարար էթնիկական արժեքները (լեզուն, կրոնը, պատմական անցյալի ընդհանության գիտակցությունը և դրա կոլեկտիվ գիտելիքը, հայերի դեպքում՝ սեփական այբուբենը և դրանով շարադրված ձեռագրերի ժառանգությունը ևլն) էթնիկական ինքնությունը հաստատող մշակութային բաղադրիչն են։ Հետևաբար էթնիկական գոյությունը առանց էթնիկական մշակութային արժեքների և այդ արժեքներով պայմանավորված ինքնության անհնար է։ Սրանք բոլորը Խորհրդային Հայաստանում և ներկայիս Հայաստանի հանրապետությունում զարգացումներ են ապրում և կրում որոշ փոփոխություններ, իսկ սփյուռքում կամ հարատևում են կոնսերվացված, կամ նվազում են: Սրա հետևանքով ընդհանուր էթնիկական ինքնության մասին պատկերացումներում, ընկալումներում առաջանում է, կամ կարող է առաջանալ երկվություն, նույնիսկ՝ հակադրություն:
Հայ էթնոսի և Հայաստան պետության համար սպառնալիք է նաև հայ ժողովրդի պատմության որոշ իրավիճակներում հայերի որոշ խմբերի ֆիզիկական անվտանգության պահպանությունը էթնիկական մշակութային արժեքներից և ինքնությունից հրաժարամումով: Անցյալից ամրագրված մեր էթնիկական կարծրատիպով մենք «հրաժարվել ենք» հայ համարել քաղկեդոնիկ հայերին, իսլամացած հայերին, ինչի հետևանքով նրանց մեծ զանգվածներ ձուլվել – լուծվել են համապատասխան էթնա-կրոնական միջավայրերում: Հայկական էթնիկական արժեքները շարունակվել են անխախտ մնալ, բայց հայությունը կորցրել է մեծ զանգվածներ, երբեմն էլ դրա հետևանքով թշնամանք է առաջացել և ձեռք է բերել նոր հակառակորդներ: Քննարկելիք հարց է, թե Էթնիկական անվտանգությունը գլխավորապես էթնիկական ինքնությունը հաստատող էթնիկական մշակութային ընդունված արժեքների պաշտպանությունը և զարգացու՞մն է, թե՞ կարող է նաև էթնիկական ինքնության արժեքների ցանկի նոր համալրումներ ունենալ: Օրինակ՝ էթնիկական ինքնագիտակցությունը կրելու գերակայությունը նույնիսկ էթնիկական որոշ արժեքների բացակայության և/կամ տարբերության պարագայում:
Բանախոսը էթնիկականից տարբերակեց «Ազգային արժեքները», որոնք կարող են իրենց հերթին ծառայել նաև, հաճախ՝ նախ և առաջ, էթնիկականին: Ազգային գլխավոր արժեքը նախ և առաջ ինքնիշխան պետությունն է՝ պետական կառավարման ինստիտուտներով և իշխանության պարտավորություններ/ծրագրերով՝ պետական տարածքի և բնակչության՝ քաղաքացիների պաշտպանություն, բնական և հասարակական ռեսուրսների պաշտպանություն և ծրագրային օգտագործում (մարդ, ջուր, անտառ, հող, շրջակա միջավայր՝ ֆաունա, ֆլորա, սննդային անվտանգության ապահովում, կրթություն, գիտելիք, սոցիալական ծառայություններ, տնտեսության զարգացման պայմանների ապահովում, այս ամենի իրավական հիմքեր և արդյունավետ կառավարում), պետական հասարակական-քաղաքական հարաբերությունների կառուցում այլ պետությունների և/կամ միությունների, միավորումների հետ, «Էթնիկական տարածքի»՝ սփյուռքի բնակչության նկատմամբ պարտավորություններ (հնարավոր պաշտպանություն, չվնասելու քաղաքականություն, էթնիկական ինքնության պահպանության և ինքնագիտակցության նկատմամբ խնամք և գործողույունների ծրագիր), սփյուռքի և Հայաստանի բնակչության ակտիվ հաղորդակցություն, տնտեսական և մշակութային կապերի ապահովում:
Հրանուշ Խառատյանը իր ելույթն ավարտեց հետևյալ արձանագրումով․ «Ցանկացած պետության ազգային նպատակը պետք է լինի քաղաքացիների պաշտպանությունը, բնական և ձեռքբերովի ռեսուրսների պաշտպանությունը և ծրագրային օգտագործումը, պետության տարածքի համաչափ զարգացումը, քաղաքացիների սոցիալական համերաշխության, արժանապատիվ արդարության և գործուն արդարադատության ապահովումը: Սրանցից յուրաքանչյուրում թերացումը հղի է ազգային վտանգներով և Հայաստանի օրինակով վերջին երեսուն տարիներին բազմիցս համոզվել են դրանում»։
Սեմինարին ելույթներով հանդես եկան ռազմական գիտությունների թեկնածու, գնդապետ Ա․Կոստանյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա․Մարկոսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Ա․Մարտիրոսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախկին անդամ (նախարար) Կ․Մինասյանը։