ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի հերթական գիտական սեմինարը նվիրված էր ՀՀ-ում տնտեսության թվային վերափոխումների հիմնախնդիրների բացահայտմանը:
Զեկուցող տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանը ներկայացրեց վերոնշյալ թեմայի շրջանակներում իրականացված հետազոտության որոշ թեզիսներ։
Համաշխարհային տնտեսությունը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության շրջափուլ, ինչը մեծ փոխակերպումներ է առաջացնում կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում, որոնց համարժեք արձագանքելը հանդիսանում է արդի մարտահրավեր կառավարությունների, գործարար շրջանակների և հասարակությունների համար:
Որպես համաշխարհային տնտեսության մաս կազմող փոքր բաց տնտեսություն, Հայաստանի տնտեսությունը կարող է էապես շահել տնտեսության համընդհանուր թվայնացման ընձեռած հնարավորություններից` այդպիսով հաղթահարելով ազգային տնտեսության զարգացմանն ավանդաբար խոչընդոտող բազմաթիվ հիմնարար գործոնների զսպող ազդեցությունը։
Բանախոսը նշեց նաև, որ հետազոտության իրականացումը թույլ կտա բացահայտել թվայնացման դերը ՀՀ տնտեսության զարգացման գործում, մշակել ՀՀ թվային տնտեսության չափերի գնահատման մեթոդաբանություն և վերջինիս հիման վրա իրականացնել գնահատում, նախագծել և առաջարկել ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների իրականացման ինստիտուցիոնալ կառուցակարգեր: