ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՀՌՈՄՈՒՄ
Նոյեմբերի 17-18-ը «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը, «ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ, Սուրբ Աթոռի և Արևելագիտության պապական ինստիտուտի աջակցությամբ Հռոմի Արևելագիտության պապական ինստիտուտի Մեծ դահլիճում կազմակերպել էր «Ժամանակակից անհատի հոգևոր և իրավական վարքագծին նետված մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» խորագրով միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովին մասնակցում էին մի շարք երկրների սահմանադրական դատարանների պատվիրակություններ, Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրահայտ սահմանադրագետներ Ավստրիայից, Հունգարիայից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Մակեդոնիայից, Սերբիայից, Իռլանդիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Տաջիկստանից: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն Գ. Հարությունյանը եւ Արևելագիտության պապական ինստիտուտի ռեկտոր Դավիդ Նազարը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոն, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի խորհրդի նախագահ, կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, Արևելագիտության պապական ինստիտուտի կանոնական իրավունքի ֆակուլտետի դեկան հայր Ջորջ Ռոյսենը:
Խորհրդաժողովի նիստում (նախագահում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին փոխնախագահ, Կենտրանական Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Անդրաշ Շայոն) զեկուցումներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ «Մարդու սոցիալական և իրավական վարքագծի սահմանադրականացման հրամայականները», Կոսովոյի մասնագիտական պալատների Սահմանադրական դատարանի նախագահող դատավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր տկն Էն Փաուեր-Ֆորդեն՝ «Անհատի արժեքը ժամանակակից սահմանադրական մշակույթում և կենսաբժշկության էթիկական և իրավական մարտահրավերները», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, պրոֆեսոր Բոշտյան Զուպանչիչը՝ «Նասցիտուրուսի իրավասուբյեկտությունը և նրա կյանքի իրավունքը» և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեկցիայի նախագահ պրն Ռոբերտ Սպանոն՝ «Մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը» թեմաներով:
Խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի կողմից սահմանված Մարդասիրական առաքելության Պատվո շքանշանի շնորհման արարողությունը: «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ի հիշատակ պրն Վարուժան Բուրմայանի, շքանշանը շնորհվեց նրա տիկնոջը` տկն Հիլդա Տիրուհի Բուրմայանին: Միջազգային խորհրդաժողովի շրջանակներում նոյեմբերի 18-ին կազմակերպվեց երկու կլոր սեղան, որտեղ ներկայացվեց Գ. Հարությունյանի, Հ. Սարգսյանի և Ռ. Գևորգյանի կողմից մշակված սահմանադրական մշտադիտարկման մեթոդաբանությունը:
Միջազգային խորհրդաժողովի ավարտին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Միքայել Մինասյանի կողմից միջազգային խորհրդաժողովի մասնակիցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար տրվեց պաշտոնական ընթրիք, որի շրջանակներում ներկայացվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանն ուղղված «StandTogether» ծրագրի ներկայացումը: