ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ս.թ. ապրիլի 15-ին ԵՊՀ թիվ 6 մասնաշենքի դահլիճում Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը ՀՀ Կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ «Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր կլոր սեղան-հանդիպում, որտեղ ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտական աշխատանքները:
Հանդիպմանը հյուրերի թվում էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմնի անդամներ, բիզնես-ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտներ և մագիստրանտներ:
Կլոր-սեղան հանդիպմանը իր բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՏԿՖ դեկան Հայկ Սարգսյանը և ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:
Ելույթով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, Կենտրոնի տնօրեն Հայկ Սարգսյանը: Պրոֆեսորն ընդգծեց, որ կատարված հետազոտություններում ամփոփված են գնաճի ժամանակակից տեսությունների զարգացումները, առանձնակի անդրադարձ է կատարվել գնաճային սպասումների տեսությանը: Բանախոսը ներկայացրեց կենտրոնական բանկերի հիմնական նպատակների շուրջ ձևավորված միջազգային փորձի վերլուծությունը և Կենտրոնական բանկերի անկախության քանակական գնահատումները:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը անդրադարձ կատարեց կենտրոնական բանկի անկախության և գնաճի ու ֆինանսական համակարգի կայունության միջև կապի նկարագրությանը: Ելույթի վերջում պրոֆեսորն ամփոփեց ՀՀ Կենտրոնական բանկի անկախությունը միջազգային գնահատումների համատեքստում:
Ծրագրի մասնակից, տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի անկախության սահմանադրաիրավական էվոլյուցիան, Կուկիերմանի և GMT մեթոդաբանությունների հիման վրա կատարված կենտրոնական բանկերի անկախության գնահատման արդյունքները:
Հանդիպման ժամանակ ընդհանուր քննարկման արժանացավ ԿԲ անկախության կարևորությունը գների և ֆինանսական կայունության ապահովման գործում, դիտարկվեց ԿԲ անկախության գնահատականը սահմանադրական տնտեսագիտության տեսանկյունից:
Կլոր-սեղան հանդիպման վերջում իրենց ելույթներով հանդես եկան Բագրատ Ասատրյանը, Վաչե Գաբրիելյանը, Հայկ Մնացականյանը, Աշոտ Մարկոսյանը և Գագիկ Մակարյանը:
Հյուրերի թվում էին նաև Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյան և ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
Իր ամփոփիչ խոսքով հանդիպումն ավարտեց պրոֆեսոր Հայկ Սարգսյանը: