YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՄ

Սույն թվականի նոյեմբերի 23-ին Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը  ՀՀ ԿԲ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն»  հիմնադրամի հետ համատեղ «Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ»  թեմայի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Կենտրոնական բանկերի անկախության վերաբերյալ կատարված և կատարվելիք հետազոտության աշխատանքները: 

Հանդիպման սկզբում Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց գների կայունության ընկալման էվոլուցիան, տեսական բովանդակությունը համաշխարհային և ՀՀ մակարդակով: Պրոֆեսորն ընդգծեց, որ ֆինանսական շուկաների ձևավորումը, դրանց կարգավորման սկզբունքները և այդ սկզբունքների փոփոխման հաճախականությունը կախված են նրանից, թե ինչպես է սահմանադրորեն ամրագրված Կենտրոնական բանկի դերը այս կամ այն երկրում:

Նաև հավելվեց, որ եթե կարգավորման ինչ-որ նորմ-սկզբունք ամրագրված է սահմանադրությունում, դրա փոփոխությունը կպահանջի բարդ ընթացակարգ, հետևաբար կարելի է սպասել, որ այդպիսի երկրում ֆինանսական շուկաները կարող են ավելի կայուն լինել, քանի որ խաղի կանոնների փոփոխությունը շատ ավելի բարդ է:

Ծրագրի մասնակիցներ, ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանը և տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը անդրադարձ կատարեցին Կենտրոնական բանկերի անկախության և ֆինանսական համակարգերի արդյունավետության փոխգործակցման օրինաչափությունների գնահատմանը:

«Որպես ֆինանսական շուկաների արդյունավետության չափանիշ, դիտարկվում է կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշներից որևէ մեկը՝ մասնավորապես, գնաճի ցուցանիշը: Այսպիսի մոտեցումը տրամաբանական և արդարացված է»,- իրենց ելույթում նշեցին բանախոսները:

Գիտաշխատողներ Ժիրայր Մխիթարյանը և Վարսենիկ Սարգսյանը ներկայացրին գների կայունության  և Կենտրոնական բանկի անկախության ընկալման վերաբերյալ հարցման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը և  Աշոտ Մկրտչյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը: