ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Երևանի պետական համալսարանի Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը ՀՀ Կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ «Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ» ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ մարզերում կազմակերպել է «ԿԲ անկախության և գների կայունության վերաբերյալ» թեմայով հարցում (այսուհետ՝ Հարցում):
Հարցմանը ներառված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ԿԲ անկախությունը, դրամավարկային քաղաքականությունը, գների կայունության ապահովման գործում ԿԲ-ի կողմից իրականացվող քայլերը: Հարցմանը մասնակցել են 20-80 տարեկան 500 ֆիզիկական անձ և 70 ֆինանսական կազմակերպությունների՝ այդ թվում բանկերի, աուդիտորական կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների և ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հարցման արդյունքներով բնակչության 69%-ը առավել զգայուն է գների տատանումների նկատմամբ՝ ի հակադրումն դրամի փոխարժեքի տատանման, իսկ 76%-ի կարծիքով գների կայունությունը կապահովվի, եթե լինի մինչև 3% գնաճ: Այսինքն, հասարակությունը գների կայունությունը տեսնում է նվազագույն գնաճի դեպքում:
Հասարակության 53%-ը անկախ է գնահատել ԿԲ-ի գործունեությունը Կառավարությունից, իսկ 64%-ի կարծիքով ԿԲ անկախության մակարդակի փոփոխությունը ևս կանդրադառնա հասարակության տնտեսական իրավիճակի վրա: Հարցվողների 72%-ն էլ կարծում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամերի հետևանքով ԿԲ անկախությունը ևս կնվազի:
ԿԲ անկախության նվազեցման պարագայում հարցվողների 53%-ը կկորցնի իր վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Հարկ է նշել, որ ներկայումս բանկերի խնդիրը երկարաժամկետ պայմաններում ֆինանսական միջոցների ներգրավումն է:
ԿԲ-ը իր հիմնական խնդիրները՝ ֆինանսական կայունություն ու գների կայունություն ապահովելը իրագործելիս մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության բոլոր ծրագրերը: Հարցման տվյալների համաձայն դրամավարկային կայունության գնահատականը հիմնականում պայմանավորված է եղել կայուն փոխարժեքով, գնաճի կայուն մակարդակով և բարձր տնտեսական աճով: Այժմ ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող ցանկացած գործողություն ուղղված է բանկային համակարգի կայունացմանը, բանկերի միջև մրցակցության ձևավորմանը, ֆինանսական ճգնաժամի պայմաններում առաջացած ռիսկերի կանխարգելմանը և դրական արդյունքների ակնկալմանը:
Քննարկմանը ներկա էին ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը և Աշոտ Մկրտչյանը, ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանը, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Սարգսյանը, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը և գիտաշխատողներ Վարսենիկ Սարգսյանն ու Ժիրայր Մխիթարյանը: