YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում շարունակվում են ուսումնասիրություններն ու քննարկումները սահմանադրական տնտեսագիտության և հարակից այլ առարկաների շուրջ:

Այս անգամ թեման ինստիտուցիոնալ տնտեսագիտությունն էր, որի շրջանակներում դասախոսությամբ հանդես եկավ ֆակուլտետի դեկան, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն տ.գ.դ. պրոֆեսոր Հ. Սարգսյանը:

Դասախոսությանը ներկա էին փոխդեկան տ.գ.թ. դոցենտ Կ. Եղոյանը, ֆակուլտետի գիտխորհրդի քարտուղար տ.գ.թ. պրոֆեսոր Ա.Համբարձումյանը, ինչպես նաև նույն ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի և տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի մագիստրանտները:  

Պրոֆեսոր Սարգսյանը  նախ ներկայացրեց սահմանադրական տնտեսագիտության ուսումնասիրության առարկան, ինստիտուցիոնալիզմի և սահմանադրական տնտեսագիտության միջև առկա կապը, ինչպես նաև բնագավառի մասնագետների կողմից առաջ քաշած մեթոդներն ու մոտեցումները:

Բանախոսն  ընդգծեց, որ սահմանադրական տնտեսագիտությունն ուսումնասիրում է կանոնների «գործող հատկությունները», այն ինստիտուտները, որոնց շրջանակներում անհատները փոխազդում են, ինչպես նաև գործընթացները, որոնց միջոցով այդ կանոններն ու ինստիտուտները ծագում և ընտրվում են:

Դասախոսությանը պրոֆեսոր Սարգսյանի կողմից ներկայացվեց նաև սահմանադրականության եռամիասնական խնդիրների՝ ախտորոշման, մշտադիտարկման ու կառավարման Մեթոդիկայի մշակման, սահմանադրականության մակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսաիրավական կարգավորումների և դրանց արդյունքների գնահատման գործիքակազմը, ինչպես նաև սահմանադրականության մակարդակի գնահատման ցուցչակազմը:

Դասախոսությունն ավարտվեց քննարկումով: