Ի°ՆՉ ԱՆԵԼ 2 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ համատեղ սույն թվականի հոկտեմբերի 9-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր գիտագործնական խորհրդաժողով «ԻՆՉ ԱՆԵԼ 2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» վերտառությամբ՝ նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին:
Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ նշելով, որ գիտական քննարկումներն ավանդական են դարձել և այսուհետ կկրեն շարունակական բնույթ։
Այնուհետև գիտագործնական խորհրդաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսք հղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ընդգծեց, որ մտագրոհի տեսանկյունից ավելի մեծ հնարավորություն են տալիս տնտեսության զարգացման մասին մեր ընկալումները։
Փաշինյանի կարծիքով համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր գործոններից են, որոնք նպաստում են տրամադրություն ստեղծելուն և տնտեսական իրավիճակի փոփոխմանը։
Խորհրդաժողովին գիտական զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը: Պրոֆեսորը մասնավորաբար նշեց, որ տնտեսական հեղափոխությունը պետք է գործուն և համընդգրկուն լինի՝ հիմքում դնելով երկարատև կայուն զարգացման նախադրյալները։
Գիտական զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը, դոցենտ Կառլեն Խաչատրյանը և Ամալյա Սարիբեկյանը և ոլորտի մի շարք մասնագետներ։ Զեկուցումների շարքն ավարտեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Խորհրդաժողովի հրավիրյալների թվում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի մասնագետներ, ՀՀ տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Գիտագործնական խորհրդաժողովի ավարտին տեղի ունեցավ բանաձևի քննարկում և աշխատանքների ամփոփում։