ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ս․թ․ հունվարի 7-ին տեղի ունեցավ «ՀՀ անվտանգության հիմնախնդիրները» խորագրով գիտական սեմինար, որը վարում էր տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, ԵՊՀ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։
Քննարկման ժամանակ բանախոսն անդրադարձ կատարեց անվտանգության կոորդինատների համակարգին և միջգիտակարգային բնույթին։ Հստակ նշվեց, որ անվտանգությունը՝ որպես հասարակության բարեկեցության նախապայման, կարևորագույն դեր ունի երկրների զարգացման գործում։
Սեմինարին ներկայացվեցին նաև անվտանգության հիմնախնդրի կարևորության աստիճանը, գոյություն ունեցող ցուցիչները, համաթվերը, ինչպես նաև նորմատիվային բազան ՀՀ-ում։
Պրոֆեսորն իր ելույթում նշեց պետության կայացվածության, սահմանադրականության փոխառնչությունները։
Ելույթի ավարտին ներկայացվեց անվտանգության երաշխավորման ու գործարկման հայեցակարգային դրույթների վերաբերյալ առաջարկությունների մշակումը։
Քննարկմանը հրավիրյալների թվում էին գործադիր և օրենսդիր մարմնի անդամներ, ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի մասնագետներ, Արցախի, մասնավորաբար՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, ինչպես նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ: