ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Տարեսկզբին որոշ ապրանքատեսակների թանկացումից հետո հասարակական լայն քննարկման առարկա դարձավ գների կայունության հիմնախնդիրը: Իսկապես, Հայաստանի նման փոքր երկրի համար այդ խնդիրը չափազանց մեծ կարևորություն է ստանում, քանի որ տնտեսության բաց լինելը հանգեցնում է արտաքին շոկերի ուղղակի ազդեցությանը տարբեր ոլորտների վրա և հանդիսանում է գնաճի պատճառ, իսկ տնտեսության փոքր լինելը բերում է այդ շոկերը մարելու շուկայական ինքնակարգավորման մեխանիզմների սահմանափակմանը:
Գների կայունացման հարցի շուրջ Խորհրդարանում կայացած լսումների և այլ հարթակներում հարցի քննարկման ժամանակ խոսվել է տարբեր հնարավորությունների և մեխանիզմների մասին, որոնք կարող են ապագայում մեղմել գների կտրուկ փոփոխման հետևանքները, իսկ որոշ դեպքերում նաև՝ կանխել այդ իրավիճակների զարգացումը: Օրինակ, շատ լուրջ քննարկման առարկա դարձավ մրցակցության բարձրացման և մրցակցային հավասար պայմանների ստեղծման անհրաժեշտության հիմնահարցը: Անկասկած, գների կայունությունն ապահովելու համար դա շատ կարևոր գործոն է, սակայն պետք է հասկանալ, որ փոքր տնտեսությունների առկայության պարագայում մրցակցային շուկայի ազդեցությունը գների կայունության վրա խիստ սահմանափակված է հենց տնտեսության չափերով: Անդրադարձը գների կայունության ապահովման մեկ այլ՝ ինստիտուցիոնալ հնարավորությանը մենք կարևորում ենք այն պատճառով, որ բոլոր քննարկումների ընթացքում վերջինս երկրորդ պլան է մղվում:
Հայտնի է, որ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, որը սահմանված է ՀՀ Սահմանադրության 200-րդ հոդվածի 2-րդ կետով, իսկ նույն հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ իր գործառույթները իրականացնելիս Կենտրոնական բանկն անկախ է: Մեր կարծիքով, ԿԲ-ի անկախությունը գների կայունության կարևորագույն գործոն է, հատկապես փոքր շուկայական տնտեսություն ունեցող երկրներում: Այդ մասին են վկայում բազմաթիվ հեղինակավոր հետազոտությունները:
Զարգացած երկրների համար այս օրինաչափությունը հայտնաբերվել է դեռևս նախորդ դարի 80-ական թվականների վերջին: Մասնավորաբար, Կուկերմանի աշխատություններում ցույց է տրված, որ զարգացած երկրներում գոյություն ունի հստակ ուղիղ գծային կապ կենտրոնական բանկերի անկախության համաթվի և գնաճի միջև: Նմանատիպ աշխատություններում նշվում է, որ գոյություն ունի տարբերություն կետրոնական բանկերի դե-յուրե և դե-ֆակտո անկախությունների միջև: Եթե զարգացած երկրներում դե-յուրե անկախության և գնաճի միջև կապը միանշանակ է, ապա զարգացող երկրներում այդ կապը ավելի թույլ է արտահայտված, քանի որ դե-յուրե անկախությունը դեռևս չի նշանակում դե-ֆակտո անկախություն: Այս հանգամանքը պայմանավորված է զարգացող երկրներում ինստիտուտների ցածր զարգացվածության մակարդակով:
Կենտրոնական բանկերի անկախության և գնաճի միջև կապը ուսումնասիրվել է նաև անցումային երկրների համար: Այս հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ անցումային շրջանի առաջին տարիներին կենտրոնական բանկերի անկախության և գնաճի միջև վիճակագրորեն նշանակալի կապ գոյություն չի ունեցել: Միևնույն ժամանակ, կենտրոնական բանկերի դե-յուրե և գնաճի ցուցանիշների միջև հայտնաբերվել է նշանակալի գծային կապ անցումային շրջանի վերջին տարիներին՝ 2009-2016թթ.: Ավելին, այդ կապը ժամանակի ընթացքում անցումային երկրների համար ավելի ու ավելի արտահայտված է դրսևորվում:
Այս ամենը վկայում է այն մասին, որ փոքր բաց շուկայական տնտեսություններում, ինչպիսին Հայաստանն է, Կենտրոնական բանկի անկախությունը դառնում է մակրոտնտեսական և ֆինանսական կայունության կարևորագույն գործոն: Նոր սահմանադրության ընդունումը և կառավարման նոր համակարգի անցումը պետք է իրականացվի այնպես, որ Կենտրոնական բանկը շարունակի մնալ անկախ, ինչը և գների կայունության կարևորագույն նախադրյալն է:
Երբ մենք խոսում ենք, ընդհանրապես, տնտեսական խնդիրների տնտեսաիրավակարգավորումների մասին, պետք է նկատենք, որ ոլորտներն և ինստիտուտները բազմազան են: Օրինակներից մեկն այն է, որ նոր Սահմանադրության շրջանակներում փոփոխության են ենթարկվում Կենտրոնական բանկի նպատակները: Ինչպես խոսվել է, գների կայունության ապահովման հիմնական նպատակին ավելանում է նաև ֆինանսական կայունության հիմնական նպատակը: Փոխվում են նաև Կենտրոնական բանկի ղեկավարության նշանակման մոտեցումները, և Կենտրոնական բանկի ղեկավարների թեկնածություններն առաջադրում է իշխող կուսակցությունը:
Այստեղ թվում է, թե կարող է սահմանափակվել Կենտրոնական բանկի գործառույթների իրականացման անկախությունը, որպեսզի կառավարությունների համար կարճ ժամկետում ապահովվի տնտեսական աճ, զբաղվածություն: Վերջիններիս հասնելու համար անհրաժեշտ կլինի էժանացնել փողը տնտեսությունում: Եթե Կենտրոնական բանկը գնա այդ քայլին, կարևորելով կառավարության կարճաժամկետ առաջնահերթությունները, վաղ թե ուշ, կհանգի բարձր գնաճի խնդրին: Այս իրավիճակը կդիտվի Կենտրոնական բանկի անկախությունը կրճատելու փորձ: Ներկայումս հետազոտություններ են ծավալվում, թե ինչպես անել, որ անկախության սահմանափակման գայթակղությունները չգերակայեն տնտեսական անհրաժեշտություններին:
տ.գ.դ. պրոֆեսորներ Հ.Լ.Սարգսյան և Ռ.Ա.Գևորգյան