YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ «ՀՀ-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Սույն թվականի մարտի 10-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար, որը վարում էր ֆակուլտետի «Նորարարության տնտեսագիտության» ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը։

Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ  Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն, սեմինարի գիտական ղեկավար պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։ Պրոֆեսորը կարևորեց տնտեսական անվտանգությունը և դրա ապահովումը՝  միաժամանակ նշելով, որ տնտեսական անվտանգությունը փոխկապակցված է երկրի ռազմավարական նշանակություն ունեցող անվտանգային այլ բաղադրիչների հետ։ Վերջիններիս թվին են դասվում քաղաքագիտական, իրավական, ռազմական և էթնոմշակութային բադարիչները։

Պրոֆեսորն ընդգծեց նաև, որ ամենածանր խնդիրը հանգելու է այդ բաղադրիչների, մոդուլների փոխկապակցվածության սցենարների դիտարկմանը։ Այս ամենը կատարելուց հետո մենք ունենալու ենք ՀՀ ազգային անվտանգության տեսլականը։

Բանախոս պրոֆեսոր Մարկոսյանը ներկայացրեց արտաքին և ներքին անվտանգության հիմնաքարային ասպեկտները, ինչպես նաև ընդգծեց այն գործոնները, որոնք կարող են ազդել ազգային անվտանգության ապահովման համակարգի արդյունավետ աշխատանքի վրա։

Իր ելույթը պրոֆեսորն ավարտեց երկրի տնտեսական անվտանգության մակարդակի գնահատման համար անհրաժեշտ ցուցանիշների և դրանց մեծությունների մեկնաբանմամբ, որից հետո հնչեցին հարցեր։

Սեմինարի մասնակիցների թվում էին  քաղաքական գործիչներ, Արցախի, մասնավորաբար՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, ինչպես նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, մագիստրանտներ: