YSU

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱՑ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀՀ ԱՆՎՏՆԱԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՐԱԴԻԳՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Ս․թ․ մարտի 25-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար, որի բանախոսն էր քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը։ 

Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ  Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն, սեմինարի գիտական ղեկավար պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։

Հ․Սարգսյանը նշեց սեմինարի ընթացքում ձևավորված տնտեսական,  քաղաքական, իրավական, էթնոմշակութային և ռազմական հանձնախմբերի կարևորությունն ու գործառույթները։

Բանախոս ԽԳալստյանը ներկայացրեց իր մտորումները ՀՀ անվտանգության նոր պարադիգմի շուրջ։ Մասնավորապես նա արձանագրեց, որ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո լրջորեն խաթարվել են Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգային համակարգերը։

Ըստ բանախոսի, եթե նախկինում ՀՀ-ն էր հանդիսանում ինչպես իր, այնպես էլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ապա հետպատերազմյան ժամակահատվածը ցույց տվեց, որ ՀՀ-ն ալևս դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, դեռ ավելին՝ նույնիսկ իր անվտանգության ապահովման հարցում նոր սպառնալիքների ու մարտահրավերների առաջ է կանգնած։ Եթե մինչև պատերազմը անվտանգությունը դիտարկվում էր որպես նորմա ու բնական վիճակ, ապա պատերազմից հետո անորոշություններն ու անպաշտպանվածությունն է դարձել բնական վիճակ։

Պրոֆեսորի կարծիքով, համերկրային ու տարածաշրջանային զարգացումները ամվտանգության ընկալումների հարցում հանգեցնում են պարադիգմալ տեղաշարժերի․ եթե մինչպատերազմական աշխարհընկալումներում ինքինշխանությունն ու անվտանգությունը դիտվում էին որպես համահունչ երևույթներ, ապա հետպատերազմյան ժամանակահատվածում «ինքնիշխան անվտանգությանը» փոխարինելու է գալիս «միավորված ինքնիշխանության» պարադիգման։


Բանախոս Խ․Գալստյանը ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով․ «Պատերազմից անցել է 1,5 տարուց ավելի, ես նայում եմ շուրջս, հայ հասարակության մեջ որևէ էական փոփոխություն նկատելի չէ։ Սա նշանակում է, որ մենք կորցնում ենք ինքնապահպանման բնազդը, որն արդեն վերածվում է գոյաբանական ինքնաոչնչացման սպառնալիքի»։


Սեմինարին ելույթներով հանդես եկան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրանուշ Խառատյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արա Քառյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը։