ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Սույն թվականի նոյեմբերի 13-ին Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնում տեղի ունեցավ ֆակուլտետի ասպիրանտների ատենախոսությունների քննարկում:
Ատենախոսությունները վերաբերում էին Սահմանադրականության համատեքստում կոռուպցիայի գնահատման մեթոդների և մոդելների մշակմանը, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի ոլորտում հաշվեկշռված ցուցանիշների համակարգի ուսումնասիրությանը: Բանախոսներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ատենախոսության հիմնական դրույթները, աշխատանքի բովանդակային կառուցվածքը, որից հետո ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ տեղի ունեցավ քննարկում:
Առաջին բանախոսն ընդգծեց, որ երկրում առկա սահմանադրականության մակարդակը և կոռուպցիայի իրողությունը հանրային կյանքում և տնտեսական համակարգերում ուսումնասիրվում են իրավաքաղաքական և սոցիալ-տնտեսական առումներով: Ինստիտուցիոնալ և սահմանադրական տնտեսագիտության շրջանակներում ծավալվում են լայնամասշտաբ քննարկումներ և գիտահետազոտական աշխատանքներ, որոնք միտված են վերհանել սահմանադրական դեֆիցիտի և կոռուպցիայի գոյության պատճառները և պայքար մղել հաղթահարելու վերջիններիս ունեցած բացասական հետևանքները:
Սահմանադրական դեֆիցիտը կամ ցածր մակարդակի սահմանադրականությունը ուղղակիորեն զուգորդվում է կառավարման որակի հետ, քանիզի սահմանադրականության դեֆիցիտի բնորոշումից ակնհայտորեն հետևում է, որ սահմանադրության դրույթների իրացմանը ծառայող պետական ապարատի համալիր գործողությունները բավարար պայման չեն հանդիսացել արդյունավետորեն իրացնելու այդ դրույթներն իրական կյանքում:
Բանախոսը նշեց, որ սահմանադրականության մակարդակը և վերջինիս որակի պատասխանատու պետական կառավարման արդյունավետության մակարդակը տնտեսական զարգացման տեսանկյունից հանդիսանում են արդիական հիմնահարցեր, որոնց ընդհառաջ ակադեմիական շրջանակները ներկայացնում են բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ:
Ատենախոսության նպատակն է սահմանադրականության մակարդակի բնորոշիչների համատեքստում ուսումնասիրել կոռուպցիայի իրողության հետևանքները կառավարման արդյունավետության և հանրային բարեկեցության վրա:
Բանախոսն ընդգծեց նաև, որ հետազոտությունն իրականացնելիս կիրառվել են են գծային և ոչ գծային ռեգրեսիայի, գործոնային վերլուծության, քլաստերային վերլուծության մեթոդաբանություններ, իսկ անհրաժեշտ տվյալները ձեռք են բերվել Համաշխարհային բանկի, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության, ՄԱԿ-ի տնտեսական համաժողովի և ՀՀ ԱՎԾ տվյալների շտեմարաններից և հաշվետվություններից:
Հաջորդ ատենախոսությունը նվիրված էր ՀՀ էներգետիկայի ոլորտի ուսումնասիրությանը, որը համաշխարհային տնտեսության կենսական նշանակություն ունեցող գործոններից ու առանցքային շարժիչ ուժերից է։ Ասպիրանտը նշեց, որ բնական ռեսուրսների սահմանափակ և աստիճանաբար նվազող քանակը, ինչպես նաև էներգիայի արտադրության և սպառման նշանակալի ազդեցությունը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վրա, առաջացրել են ռազմավարական կառավարման արդյունավետ մեխանիզմների և գործիքների մշակման ու ներմուծման խիստ անհրաժեշտություն։ Նման մեխանիզմներից է հաշվեկշռված ցուցաննիշների համակարգի վրա հիմնված էներգետիկայի ոլորտի ռազմավարության մշակումը։
Նշված համակարգի կիրառումը հնարավորություն է ընձեռում ռազմավարությունը ներկայացնել մի քանի բաղադրիչների (ֆինանսական, հաճախորդների հետ հարաբերությունների, ներքին բիզնես գործընթացների, կրթության և զարգացման) ու դրանց միջև առկա պատճառահետևանքային կապերի ամբողջության միջոցով։ Էներգիայի բնական ռեսուրսների (նավթ, բնական գազ) բացակայությունը, զգալի կախվածության մեջ է դնում ողջ էներգահամակարգի բնականոն գործունեությունը ներմուծող երկրներից (Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն), ինչը լուրջ վտանգներ է ստեղծում երկրի էներգետիկ ու ազգային անվտանգության համար։
Հետևաբար, բանախոսնը ընդգծեց, որ առկա խնդիրների վերացման, ինչպես նաև հնարավոր անցանկալի խոչընդոտների բացառման նպատակով պահանջվում են ՀՀ էներգահամակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումներ։
Ատենախոսությունը նպատակ է հետապնդում ՀՀ էներգետիկայի ոլորտի և հավասարակշռված ցուցանիշների համակարգի մանրամասն ուսումնասիրության արդյունքում մշակել ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը՝ հիմնված հավասարակշռված ցուցանիշների համակարգի վրա, ինչպես նաև կառուցել համապատասխան մոդել համակարգի բաղադրիչներից յուրաքանչյուրի համար։
Հարկ է նշել, որ ատենախոսության հիմնադրույթներն ու արդյունքները քննարկվել են ԵՊՀ և Օլդենբուրգի Կարլ ֆոն Օսեցկու համալսարանին կից Տնտեսագիտական կրթության ինստիտուտի իրականացրած ՍԻՆԵՐԳԻԱ ծրագրի, ինչպես նաև ԵՊՀ և Ռոտերդամ քաղաքի Էրազմուս համալսարանին կից Բնակարանային ռազմավարությունների ու քաղաքային զարգացման ինստիտուտի իրականացրած <<Էրազմուս +>> ծրագրի շրջանակներում։